Քուվեյթահայ բարերար Ֆիլիպ Փաթաթանյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում Փաթաթանյանին պարգևը հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում բարերարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին` իրեն նման պատվի արժանացնելու համար: «Այսպիսի պարգևի արժանանալը պարծանք է յուրաքանչյուր հայի համար: Ես մի մեջբերում եմ ցանկանում անել, որպեսզի հասկանալի լինի, թե ինձ համար ինչ նշանակություն ունի այս պարգևը: Ես գտնում եմ, որ այսօր ստացա երրորդություն: Այսինքն, ես ունեմ իմ հոր ծնողական օրհնանքը, պարգևատրվել եմ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից և միևնույն ժամանակ այստեղ տիկնոջս հետ միասին հիմնել ենք «Հելիոս» բժշկական կենտրոնը, ինչի համար, հավանաբար, երախտագիտության խոսք ստացանք ՀՀ Նախագահից: Երրորդությունը, կարծես, եղավ` ծնող, եկեղեցի, հայրենիք: Իսկ սա յուրաքանչյուր հայի համար մեծ բան է»,- ընդգծեց Փաթաթանյանը: