Ավելի քան 50 երկրներ չորեքշաբթի Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ստորագրել են Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը։
Փաստաթղթի տակ առաջինն իր ստորագրությունը դրել է Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը։ Արարողությանը մասնակցել են պետությունների մի քանի ղեկավարների և մի քանի տասնյակ ԱԳ նախարարներ։
Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 90 օր անց այն բանից հետո երբ 50 երկրները կստորագրեն ու կվավերացնեն այն։ Համաձայն փաստաթղթի տեքստի՝ մասնակիցները պարտավորվում են երբեք և ոչ մի դեպքում չմշակել, չփորձարկել, չարտադրել և չկուտակել միջուկային զենք, ինչպես նաև չկիրառել այն կամ սպառնալ դրա կիրառմամբ։ Համաձայնագրին միացած երկրներին կարգելվի նաև իրենց տարածքում տեղակայել այլ պետությունների միջուկային զենքը։