Երկրի բոլոր բնակիչների համար միասնական քաղաքացիության սահմանումը կարող է լուծել անօրինական միգրացիայի խնդիրը։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարել է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը։
«Բոլիվիան դատապարտում է պատերի շինարարությունն ու օրենքների մշակումը, որոնք ուղղված են միգրացիան հանցագործություն դարձնելուն։ Դրա համար մենք առաջարկում ենք համընդհանուր քաղաքացիության ստեղծում։ Ներկայիս սոցիալական և միգրացիոն ճգնաժամի ակունքները գալիս են աշխարհակարգից, որը հանուն շահի հրահրում է բռնություն, նպաստում անհավասարության առաջացմանը և կործանում մայր-Երկիրը։ Չի կարելի ներգաղթալի վրա պատասխանատվություն դնել տնտեսական ճգնաժամի կամ անկայունության համար»,-ասել է Մորալեսը։
Նրա խոսքով՝ պետք է արմատախիլ անել հարկադիր միգրացիայի պատճառները, այլ ոչ թե պայքարել ներգաղթալերի դեմ ու նրանց հանցագործ անվանել։
Դրա հետ կապված՝ Մորալեսն առաջարկել է այլ պետությունների ղեկավարներին համաձայնագիր կնքել «համընդհանուր քաղաքացիության» սահմանման հնարավորության մասին։