ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ուղեկցելով ԱՄՆ Կոնգրեսի Հայաստան ժամանած պատվիրակությանը, հայաստանցի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման համար քաղաքական կամքի առկայության դեպքում մնացյալ հարցերը դառնում են տեխնիկական և արագ լուծելի:
Հայաստանն ու ԱՄՆ-ն արդեն տևական ժամանակ է բանակցում են այդ համաձայնագրի շուրջ, որն ունի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական կարևոր նշանակություն և կխթանի հայ-ամերիկյան տնտեսական կապերը: Թեև Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարում է, որ գործընթացը օբյեկտիվորեն ժամանակ է պահանջում, այդուհանդերձ օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի արած հայտարարությունը հուշում է, որ առկա է սուբյեկտիվ խնդիր: Համենայնդեպս, դեսպան Միլզը հայտարարել էր, որ սպասում են Հայաստանի կառավարության փաստարկին, որ համաձայնագիրը կարևոր է Հայաստանի համար:
Այլ կերպ ասած՝ դեսպան Միլզը հայարարում էր, որ ԱՄՆ-ն գործնականում չի հավատում, որ հենց այդ համաձայնագրի պակասն է խանգարում Հայաստանում ամերիկյան ներդրումների հոսքին: Ամերիկյան ներդրումների հոսքին խանգարում է ոչ թե կրկնակի հարկման համաձայնագրի բացակայությունը, այլ Հայաստանում սեփականության անձեռնմխելիություն երաշխավորող դատական անկախ համակարգի, ազատ մրցակցության, իրավահավասարության, կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի, բիզնեսի և իշխանության տարանջատման բացակայությունը: Դա է, որ կանգնած է Հայաստան թե՛ ամերիկյան, թե՛ ընդհանրապես օտարերկրյա ներդրումների ճանապարհին: Եվ դրա մասին էր ակնարկում ԱՄՆ դեսպան Միլզը՝ հայտարարելով, որ սպասում են Հայաստանի կառավարությունից լրացուցիչ փաստարկների:
Այսինքն՝ ԱՄՆ-ն սպասում է, որպեսզի ներկայացվեն հաջողություններ թվարկված ոլորտներում, որից հետո հնարավոր է ասել, որ արդեն հերթը հասել է կրկնակի հարկման համաձայնագրին: Այսինքն՝ դրանից հետո միայն հնարավոր կլինի ասել, որ Հայաստանի կառավարությանն այդ համաձայնագիրը պետք է Հայաստան ամերիկյան ներդրողների ներգրավելու, ոչ թե Հայաստանում իրենց կուտակած կապիտալն ամերիկյան զարգացող տնտեսության մեջ առավել շահավետ պայմաններով ներդնելու համար:
Ահա այս իրավիճակում, երբ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը խոսում է քաղաքական կամքի կարևորության մասին՝ որպես համաձայնագրի կնքման առաջնային գրավական, հարց է առաջանում, թե հատկապես ո՞ւմ քաղաքական կամքի և ո՞ր հարցում: Որովհետև ԱՄՆ դեսպան Միլզն ընդամենը մի քանի օր առաջ շատ հստակ ցույց էր տվել, թե ում կամքին է սպասում Նահանգները և որ հարցերում: