Քրեական հեղինակություն ալավերդցի Վահագն Աբգարյանի ընկերը՝ 43-ամյա Գարիկ Մոսինյանը ըստ դիահերձման նախնական արդյունքների սպանվել է կրծքավանդակի ձախ կողմում ստացած հրազենային վնասվածքից:
Այս տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցներից սպանվել էր Մոսինյանը, իսկ հրազենյաին վիրավորում էր ստացել ալավերդցի Վահագն Աբգարյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ թե՛ Մոսինյանին և թե՛ Աբգարյանին մեկական գնդակ է դիպել: Դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ։ Այսինքն, նախնական տվյալներով, դեպքի վայրում աշխատել է երկու տեսակի զենք: