ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ով ԱՄՆ կոնգրեսականների հետ նույնպես Հայաստանում է, լավատեսորեն է տրամադրված Ամերիկայի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրման կապակցությամբ: Նրա հավաստմամբ՝ գործընթացը սովորաբար երկարատև է, սակայն անհրաժեշտության և քաղաքական կամքի առկայության դեպքում ամեն ինչ հնարավոր է կարգավորել:
«Այս պայմանագիրը գործադիրի տիրույթում է, և այսօր մենք քննարկեցինք դա… Մենք պայմանավորվեցինք, որ պետք է շարունակենք աշխատել գործադիրի հետ, ԱՄՆ գանձապետարանի հետ, որպեսզի այս գործընթացն արագացվի: Գիտեք, պիտի ասեմ, որ սովորաբար այն երկրները, որոնց հաջողվում է այդ պայմանագիրը ստորագրել, անցնում են 1-3 տարվա գործընթացով: Կարծում եմ, որ անհրաժեշտության մասին երկու կողմների հետ էլ խոսեցինք: Եթե կա անհրաժեշտություն և քաղաքական կամք, մնացածն արդեն տեխնիկական հարց է, որը ես և իմ ամերիկյան գործընկերը պետք է փորձենք արագացնել»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգոր Հովհաննիսյանը: