Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը հեղինակավոր հեռուստատեսային «Էմմի» մրցանակ է ստացել Saturday Night Live կատակերգական հեռուստաշոուում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նմանակելու համար։
Ոսկե արձանիկը դերասանին բաժին է հասել կատակերգական սերիալում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար։
«Կարծում եմ՝ պետք է ասեմ. Պարո՛ն նախագահ, վերջապես, սա Ձեր «Էմմին» է»,-ասել է Բոլդուինը՝ ձեռքը վերցնելով մրցանակը։
Հեռուստաշոուն բազմիցս քննադատության է ենթարկվել Թրամփի կողմից Twitter-ում։ Բացի այդ, Դոնալդ Թրամփն ափսոսանք էր արտահայտել՝ կապված այն բանի հետ, որ «Էմմի» մրցանակի չի արժանացել իր մասնակցությամբ հեռուստատեսային ռեալիթի շոուի համար։
Saturday Night Live-ը, որի վարկանիշը վերջին շրջանում բարձրացել էր շնորհիվ ԱՄՆ նախագահի նմանակումների, Հեռուստատեսության ու արվեստի ակադեմիայի կողմից ներկայացվել էր 22 անվանակարգում։