Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ռեքս Թիլերսոնը քննարկել են Սիրիայի խնդրի շուրջ փոխգործակցությունը և Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է RIA Novosti-ն։
«Նյու Յորքում կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի հանդիպումը։ Կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամի շուրջ փոխգործակցությունը և Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում իրավիճակի այլ ասպեկտներ, ինչպես նաև Մինսկի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,-նշել է նա։
Լավրովը Նյու Յորք է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքին։ Նա ելույթ կունենա ՄԱԿ-ի ամբիոնից, կունենա երկկողմ բանակցություններ, կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԱԳ նախարարերի՝ բազմակողմ և տարածաշրջանային ձևաչափերով հանդիպումներին։