Լևոն Արոնյանը Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում է: Քառորդ եզրափակչի դասական շախմատի երկրորդ պարտիայում ուկրաինացի Վասիլի Իվանչուկը սպիտակ ֆիգուրներով շուրջ 5 ժամ փորձում էր կոտրել մեր գրոսմայստերի դիմադրությունը:
Իվանչուկը հույս ուներ, որ անհամեմատ ավելի քիչ խաղաժամանակ ունեցող Արոնյանը վերջնախաղում կսխալվի: Արոնյանը գործեց անթերի և 71-րդ քայլում կողմերը կիսեցին միավորը: Հիշեցնենք, որ երեկ Արոնյանը սպիտակ ֆիգուրներով հաղթել էր Իվանչուկին:
Արոնյանը կիսաեզրափակիչում կհանդիպի Սվիդլեր – Լագրավ դիմակայության հաղթողի հետ։