ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից հեռանում է ջերմ հուշերով:
Դեսպան Շարպանտիեն ևս շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին իր հետ Հայաստան գալու առաջին իսկ օրվանից սերտ համագործակցելու համար և վստահեցրել, որ դիվանագիտական առաքելությամբ Հայաստան ժամանող իր գործընկերը կշարունակի զարգացնել երկու երկրների՝ տարբեր ոլորտներում ամուր հիմքերի վրա դրված համագործակցությունը: