ԱՄՆ դատական համակարգը գտնվում է իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի FETO կազմակերպության ազդեցության ներքո, որը կանգնած է 2016 թվականի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետևում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, փոխանցում է TASS գործակալությունը։
«Ամերիկյան դատական համակարգը գտնվում է FETO –ի ազդեցության ներքո։ (Ծագումով Իրանից թուրք ձեռնարկատեր Ռեզա) Զարաբի գործն ունի քաղաքական շարժառիթներ։Եթե Ձեր երկրում օրենքները պահպանվում են, ապա Ձեզ մոտ պետք է նրա մեղքի ապացույցներ լինեն»,-ընդգծել է նա։
ԱՄՆ իշխանությունները Զարաբին ձերբակալել էին Մայամիում 2016 թվականի մարտին՝ Վաշինգտոնի պատժամիջոցները շրջանցելով իրանական կառավարությանը դրամական միջոցներ փոխանցելու անօրինական սխեմաներ կազմակերպելու մեղադրանքով։
Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հեռակա մեղադրանք էր առաջադրել նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չագլայանին և ևս 2 համախոհի՝ ԱՄՆ ֆինանսական համակարգն ի շահ Իրանի ծառայեցնելու համար։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չագլայանին ուղղված մեղադրանքներն անվանել է «ԱՄՆ-ի քաղաքական քայլ՝ ընդդեմ Թուրքիայի»։