Պոլսի նահանգապետարանը կրկին միջամտում է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության հոլովույթին՝ այս անգամ պնդելով, որ գոհ չէ ընտրությունների կազմակերպչական հոլովույթը գործադրող խմբի մի շարք անդամներից: Այս մասին գրում է Պոլսի «Ակօս» թերթը:
Ըստ համայնքում տարածված լուրերի՝ պատկան մարմինները նշել են, որ առարկություն ունեն նախաձեռնող խմբի որոշ անդամների առնչությամբ, և պնդել են, որ այդ անդամների մասնակցությամբ չի կարող ընտրություն կազմակերպվել:
Նահանգապետարանի հետ համաձայնության գալու և որոշ սրբագրումներ կատարելու համար նախաձեռնող խմբի անդամները նոր ժողով պիտի գումարեն:
Մյուս կողմից՝ Թուրքիայում Հայոց պատրիարքի ընտրության կայացման ջատագով «Տեսակետների հարթակ»-ը համայնքում նախաձեռնել է մի հարցախույզ, որը պիտի սկսվի սեպտեմբերի կեսերին: Նպատակն է պարզել հայ համայնքի տեսակետը պատրիարքի, պատրիարքության և համայնքի համար կարևոր հարցերի շուրջ, ինչպես նաև ակնկալիքները ապագա պատրիարքից: