ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ստացել է Ելք խմբակցության հայտարարությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ տնտեսական ձախողումները, որ ներկայացված են հայտարարությունում, ուղղակիորեն պայմանավորված չեն Հայաստանի՝ ԵԱՏՄ սահմաններում գտնվելով.
«Առանց այդ միության էլ արդեն ձախողումները գրանցված էին և կային, և փաստորեն կարելի էր դրանք հարմարեցնել ԵԱՏՄ-ին: Ես, իհարկե, բազմիցս ասել եմ, որ ԵԱՏՄ-ն՝ որպես այդպիսի մեծ շուկա, գոնե Հայաստանի համար բացառապես կարելի է այս ծանր իրավիճակում օգտվել դրանից, ոչ ավելին, ոչ պակաս, առավել ևս, որ արտադրական կուլտուրայի առումով, մեղմ ասած, մեր մակարդակը շատ ցածր է: Եվ այն, ինչ մենք ստեղծում ենք, առնվազն կարող է սպառում գտնել այնպիսի տարածքներում, ինչպիսին են ԵԱՏՄ սահմանները»,-ասաց Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ դեռ ժամանակը չէ այս հարցը բարձրացնելու ոչ միայն այս հանգամանքը հաշվի առնելով, այլ նաև սոցիալական խնդիրները:
«3 միլիոնը գերազանցող հայեր այսօր բնակվում են ԵԱՏՄ երկրների տարածքներում: Այս մարդիկ, լավ թե վատ, աշխատում են, որոշակի եկամուտ ձևավորում և այդ եկամուտը փոխանցում են Հայաստան: Եվ գործադիր իշխանությունը ուշադիր հետևում է, որ տրանսֆերտները շատ լինեն: Եվ այս հայտարարությամբ մենք ուզում ենք այս ինստիտուտը վերացնենք: Է՛, վերացնենք, դրսում գտնվող մարդկանց համար ստեղծենք դժվարություններ»,-հավելեց նա:
Նա համոզված է, որ եթե այդպիսի գործընթաց սկսվի, ԵԱՏՄ բնակվող հայերի համար կստեղծվեն դժվարություններ.«Իսկ դուք կասկածո՞ւմ եք: Մենք գործ ունենք մեծ երկրի հետ, ամենախոշոր երկրները չեն կարողանում դիմակայել ՌԴ-ին, և այս պարագայում ՀՀ-ն իր փոքր հնարավորություններով դեմարշ քայլեր կատարի, մեզ համար դա ցանկալի չի լինի»,-ասաց Բոստանջյանը:
Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորություններին, նշեց, որ գոյություն չունեցող բաների մասին չի ուզում խոսել.«Ինքս էլ որպես քաղաքացի, ոչ որպես ֆրակցիայի անդամ, ես ընդհանրապես դրա մասին հակված չեմ մտածելու, եթե մտածել չեմ ուզում, ուրեմն ընդհանրապես խոսել էլ չեմ ուզում դրա վերաբերյալ»:
Կառավարության մեկ տարին ամփոփելով՝ նա նշեց, որ տեսնում է աշխատանքի փորձեր.«Դժվար թե մեծ համակարգի պայմաններում շուտափույթ արդյունքի հասնել»:
Հարցին՝ չեն գոհացնո՞ւմ կառավարության տեմպերը, Վարդան Բոստանջյանը նշեց.«Ես ասացի այն, ինչ ասացի»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: