«Հանրապետություն» կուսակցության անդամ, փաստաբան Հովիկ Արսենյանի կարծիքով, ԱԺ-ում հնչած հայտարարությունները քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ պարզապես խոսակցություններ են եւ ոչինչ ավելին. «Այսօր հանկարծ ԱԺ-ում իրենց արեւով հումանիստական քայլե՞ր են փորձում կատարել: Այս պետության իրավական, մանավանդ քրեական քաղաքականությունն է դատապարտելի»: Նրա խոսքերով, նախկինում, երբ դատապարտյալի պայմանական ժամկետը լրանում էր, ադմինիստրացիան նրան ներկայացնում էր դատարան վաղաժամկետ ազատ արձակման համար. «Իսկ այսօր գաղութներում խեղդոց է, քանի որ Ռոբերտ Քոչարյանի օրոք ստեղծվեցին այսպես կոչված անկախ հանձնաժողովներ, որոնց նախագահներ նշանակվեցին փոխոստիկանապետերը: Ոչ մի ոստիկան հոգեբանորեն չի ցանկանա, որ որեւէ դատապարտյալ վաղաժամկետ ազատ արձակվի: Այդ հանձնաժողովները անհիմն պատճառաբանությամբ ազատ չեն արձակում այն դատապարտյալներին, որոնց պայմանական ազատազրկումը լրացել է»: Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ իշխանությունները ցանկանում են ՔԿՀ-ի գերծանրաբեռնված վիճակի քողի տակ ազատ արձակել քաղբանտարկյալներին, Հովիկ Արսենյանը պատասխանեց. «Քաղաքական դրդապատճառներով ազատազրկման մեջ գտնվող գրեթե բոլոր անձանց պայմանական ժամկետները լրացել են: Գործող օրենքը թույլ է տալիս այդ մարդկանց պայմանական վաղաժամկետ ազատել, սակայն, ցավոք, օրենքը երկակի են կիրառում. կուզեն՝ կկիրառեն, կուզեն` չեն կիրառի: Հարյուր հոգու ներկայացնում են, որոնցից միայն երկուսն են ազատ արձակվում: Ամենավառ օրինակն են Սափեյան եղբայրները, որոնց ադմինիստրացիան մի քանի անգամ ներկայացրել է վաղաժամկետ ազատ արձակման, սակայն հանձնաժողովը անհիմն ձևով մերժել է»: