Բաքվի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել ծագումով հայ, ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը։
«Բողոքարկումը՝ ի պաշտպանություն Ուելդանովի չի բավարարվել Վերաքննիչ դատարանի կողմից, վճիռն ուժի մեջ է մնացել»,-հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
2017 թվականի ապրիլի վերջին Բաքվի առաջին ատյանի դատարանը դատապարտել էր Ուելդանով-Գալուստյանին 8 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի ՔՕ 234.4.3 հոդվածով (խոշոր չափի թմրամիջոցների անօրինական ձեռքբերում, արտադրություն, պահում և տարածում)։
ՌԴ քաղաքացին ձերբակալվել էր 2016 թվականն հունիսի 9-ին, Բաքվում։ Նրա քույրը՝ Մարիաննա Միրզոյանը (Գալուստյան), rusarminfo-ին հայտնել է, որ Մարատին սկզբում ձերբակալել էին նրա հայկական ծագման և Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու կասկածանքով, սակայն այնուհետև Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը հայտնել է, որ Մարատ Ուելդանովը մեղադրվում է թմրանյութերի պահման ու տարածման մեջ։