Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին և ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը բանակցություններ են անցկացրել Էրբիլում՝ հայտնում է Timeturk-ը։
Բարզանին, մեկնաբանելով հանդիպման արդյունքները, որն անցկացվել է մամուլի համար փակ ռեժիմում, ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկված թեմաներն են եղել պայքարն ահաբեկչության, մասնավորապես ԴԱԻՇ-ի դեմ, քրդերի համագործակցությունն ամերիկյան կոալիցիայի հետ, ինչպես նաև Քրդստանի անկախության հանրաքվեն, որի անցկացումը նշանակված է սեպտեմբերի 25-ին։
Պատասխանելով հանրաքվեի ամսաթվի տեղափոխման հարցին՝ Բարզանին ասել է. «Հանրաքվեն առնչվում է ոչ միայն ինձ։ Դա մեր ժողովրդի իրավունքն է, և այն միանգամայն չի հակասում ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին»։
Մինչ Բարզանիի հետ հանդիպումը, Մետիսը եղել է Բաղդադում, որտեղ բանակցություններ է անցկացել Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադիի և պաշտպանության նախարար Իրֆան Ալ-Հայալիի հետ։