Լյուբլինի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի է ունեցել ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպել էր Լեհաստանում ՀՀ դեսպանությունը` Լյուբլինի քաղաքապետարանի հետ համատեղ:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լյուբլինի քաղաքապետ Քշիշտոֆ Ժուկը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ Վարդապետ Ծատուրյանը, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլն:
Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Լյուբլինի քաղաքապետ Քշիշտոֆ Ժուկը, ով նշել է, որ մեծ ուրախությամբ են Լյուբլինի քաղաքապետարանում հյուրընկալում Դավիթ Հակոբյանի լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը, որում ներկայացված են նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2013 թվականին Լյուբլին կատարած այցելությունից լուսանկարներ:
Ելույթ ունենալով մասնակիցների առջև` դեսպան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Լյուբլինի քաղաքապետին քաղաքապետարանի շենքում հայ տաղանդաշատ լուսանկարչի աշխատանքների ցուցադրության կազմակերպման հնարավորության համար: Դեսպանը կարևորել է այն հանգամանքը, որ այն կազմակերպվել է Լյուբլինի հիմնադրման 700-ամյակի միջոցառումների շրջանակներում:
Ցուցահանդեսի կազմակերպման համար Լյուբլինի քաղաքապետին, Լեհաստանում ՀՀ դեսպանին և ցուցահանդեսի բացման բոլոր մասնակիցներին իր շնորհակալական խոսքն է հղել նաև աշխատանքների հեղինակը` Դավիթ Հակոբյանը, որից հետո ցուցահանդեսը հայտարարվել է բացված` հնարավորություն տալով այցելուներին ծանոթանալու ՀՀ Նախագահի արտասահմանյան այցերի, ինչպես նաև Հայաստանի տեսարժան վայրերին ուշագրավ պահերի յուրահատուկ լուսանկարներին:
Ցուցահանդեսը, որը բացվել է օգոստոսի 14-ին, կշարունակի գործել մինչև 2017 թվականի օգոստոսի 28-ը` հասանելի լինելով Լյուբլինի քաղաքապետարանի բազմաթիվ այցելուներին և քաղաքի հյուրերին: