ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է հայտարարությունը, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը պատասխանել է. «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»:
Շավարշ Քոչարյանն, ըստ էության, պատասխանել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի նախօրեին արած հայտարարությանը: Իկարկե, հատկապես վերջին շրջանում անշնորհակալ գործ է արձագանքել Անկարայից հնչող նույնիսկ պաշտոնական հայտարարություններին, որովհետև պարզ չէ, թե դրանցից որոնք ունեն պրակտիկ քաղաքական նշանակություն և որոնք են արվում զուտ քարոզչական կամ նույնիսկ` շանտաժի նպատակներով:
Համենայն դեպս, Զեյբեքչին առաջին թուրք պաշտոնյան չէ, որի շուրթերից հնչել է նման հայտարարություն: Գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ, ուղերձներ եղել են անգամ Թուրքիայի նախագահի կամ վարչապետի մակարդակով, սակայն դրանք չեն դարձել պրակտիկ քաղաքականություն, որովհետև տարբեր է եղել այդ հայտարարությունների քաղաքական նպատակը, նշանակությունը, թիրախը: Մի դեպքում` Անկարան փորձել է շանտաժ անել իր արևմտյան գործընկերներին, մյուս դեպքում դա տեղավորվել է ռուս-թուրքական տարողանուկ և բազմաշերտ օրակարգի համատեքստում և վերջապես` եղել են տեքստեր, որոնք հասցեագրված են եղել բացառապես ներքին լսարանին` սեփական հասարակությանը ցույց տալու համար Թուրքիայի արտաքին քաղաքականության իբրև թե ակտիվությունը, արդյունավետությունը: Դժվար է ստույգ կանխատեսել, թե որ ժանրից է թուրք նախարարի վերջին հայտարարությունը կամ ինչքանով է այն հավակնում դառնալ իրական քաղաքականություն: Մյուս կողմից` պարզ չէ, թե արդյո՞ք Ռուսաստանին ձեռնտու է Թուրքիայի առաջարկը կամ արդյո՞ք նման հարց ներառված է ռուս-թուրքական օրակարգում:
Ամեն դեպքում Անկարայից հնչել է գրեթե պաշտոնական հայտարարություն և ողջունելի է, որ Երևանն օպերատիվորեն արձագանքում է դրան: Մեր արտաքին քաղաքականությունը պետք է աշխատի նման ռեժիմով` ցույց տալու համար Հայաստանի սուբեկտայնությունը, կանխարգելիչ հարված հասցնելով այնպիսի նախաձեռնությունների, որոնք կարող են վնասել մեր պետական, ազգային շահերին:
Հայաստանը երեկ հստակ հասկացրել է, որ արգելափակելու է ԵՏՄ-ի և Թուրքիայի համագործակցության որևէ նախաձեռնություն և, ըստ էության, փակել է ռուս-թուրքական սակարկության, առևտրի հնարավորությունը` թույլ չտալով, որ հերթական անգամ տարածաշրջանային երկու առաջատարներն իրենց հարաբերությունները կարգավորեն մեր երկրի հաշվին: Եթե նույնիսկ տեսականորեն հնարավոր համարենք այն վարկածը, որ հենց Մոսկվան է որոշել մերժել Անկարային` դա անելով մեր ԱԳՆ-ի միջոցով, ապա պետք է ընդունենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ համընկել են Երևանի և Մոսկվայի շահերը:
Իսկ եթե Մոսկվայում շահագրգռված են ԵՏՄ-ի և Թուրքիայի հարաբերություններով, ապա ստիպված կլինեն հաշվի նստել Երևանի դիրքորոշման հետ, առնվազն` բավարարել այն պահանջը, որ կձևակերպի Երևանը` Անկարայից հնչած հայտարարությանն ավելի լոյալ արձագանքելու համար: Ըստ այդմ` Հայաստանի ԱԳՆ-ի երեկվա կոշտ արձագանքը մեսիջ էր ոչ միայն և ոչ այնքան Անկարային, որքան` Մոսկվային: