Կարապի լճի հարակից տարածքում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի ամենասպասված և սիրելի միջոցառումը՝ Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Փառատոնի պաշտոնական բացումն ազդարարվել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի ողջույնի խոսքով:
Ըստ փառատոնի կանոնակարգի՝ «Փառատոնը հայտարարվում է բացված» խոսքերից հետո տաղավարները նոր միայն սկսել են իրենց աշխատանքը:
Այս տարի, ավանդույթի համաձայն, փառատոնին առանձին տաղավարներով իրենց գարեջրի տեսականիները և խորտիկները ներկայացրել են «Երևանի գարեջրի» գործարանը, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գործարանները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academia» գարեջրի գործարան-ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը: Երևանի գարեջրի 4-րդ փառատոնում առաջին անգամ առանձին տաղավարներով մասնակցում են նաև «Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» և «Barel» փաբ-գարեջրատները:
Միջոցառումն իրենց կենդանի կատարումներով ավելի հետաքրքիր և ռիթմիկ կդարձնեն «Aleksandrapol» բենդը, DJ Leo-ն և «Միլեն» պարային համույթը: