«Այնպիսի սխալներ թույլ տվեցինք, որոնք անթույլատրելի էին: Առաջին անգամից հետո հասկանալի է, սակայն երկրորդ, երրորդ…: Դա արդեն դարձել է օրինաչափություն: Որքան էլ թիմը լավ ֆուտբոլ խաղա, միևնույն է, սխալի պատճառով կարող է փոխվել խաղի ընթացքը:
Անպայման քայլեր կձեռնարկվեն: Նման սխալները պարզապես աններելի են: Կոնկրետ տեսնում եք, թե որ ֆուտբոլիստներն են սխալվում: Անպայման ուզում եք, որ անուննե՞ր ասեմ: Ես ոչ մեկից չեմ վախենում և կարող եմ անուններ տալ: Կրկնում եմ` նույն ֆուտբոլիստներն ամեն խաղի սիստեմատիկ սխալվում են, որն աններելի է: Դա չի կարող կրկնվել: Նորից եմ ասում` որքան թիմը լավ ֆուտբոլ խաղա կամ գավաթներ նվաճի, սխալները բերում են հենց այս իրավիճակին: 2:0 հաշվով հաղթելուց հետո չեմպիոնը 2 գնդակ ընդունելու իրավունք չունի: Այնպիսի ֆուտբոլիստներ են սխալվում, որ խոսք չկա: Շատ ջղայն եմ, բայց ընթացք կա, պետք է աշխատենք»,- Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի «Բանանցի» հետ հանդիպումից հետո ասել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Հիշեցնենք, որ այս խաղում հաշիվը դարձավ 2:2 դարպասապահ Բեգլարյանի հերթական ոչ ադեկվատ գործողությունից հետո: Բեգլարյանի «շնորհիվ» էլ «Ալաշկերտը» առաջին տուրում 1:2 հաշվով զիջել էր «Շիրակին»: Ավելի վաղ էլ Բեգլարյանը ոչ ադեկվատ խաղաով աչքի էր ընկել «Չեմպիոններ լիգայի խաղարկության ԲԱՏԷ»-ի հետ դիմակայությունում: