«Առաջին լրատվական»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Սանիթեք»-ի աշխատակիցների կողմից ծեծի դեպքի մասին:
Այսօր արդեն հրապարակվեց, որ օգոստոսի 15-ին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանատան մուտքի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել «Սանիթեք»-ի աշխատակիցների և տեղի բնակիչներից՝ 59-ամյա տղամարդու, նրա որդու միջև: Նրանց միջև վիճաբանությունը սկսվել է աղբատար մեքենայի լվացման պատճառով, որն էլ ավարտվել է ծեծով: Ծեծկռտուքից հետո 59-ամյա տղամարդը մահացել է, նրա որդին ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Մեզ հասած տեղեկություններով՝ այս դեպքը նախապատմություն ունի: Նշված տարաքում «Սանիթեք» ընկերության աշխատակիցները տևական ժամանակ աղբահանությունն իրականացրել են ոչ պատշաճ կարգով: Մշտապես աղմկել են, տարածքը կեղտոտել են, խանգարել են բնակիչների հանգիստը: Բնակիչները բազմաթիվ անգամ աշխատակիցներին զգուշացրել են նորմալ աշխատել, բայց ոչինչ չի փոխվել: Բնակիչները ստիպված խնդրի հետ կապված բազմաթիվ դիմումներ են գրել նախ թաղապետարան, ապա քաղաքապետարան, անգամ վարչապետին, սակայն ոչ մի կառույցից բնակիչների խնդրանք-դիմումներին՝ հանձնարարել աղբահանությունը իրականացնել պատշաճ կարգով և չխանգարել իրենց անդորրը, մնացել են անպատասխան: Վերջին անգամ բնակիչները նմանատիպ դիմում են գրել «Սանիթեք» ընկերության տնօրինությանը, որից հետո «Սանիթեք»-ի աշխատակիցները եկել, տնից դուրս են հանել հորն ու որդուն և տեղափոխելով «Կարմիր բլուրի» տարածք՝ ծեծի են ենթարկել, որից հետո հայրը մահացել է, իսկ որդին տարբեր վնասվածքներ է ստացել:
Մեզ հասած նույն տեղեկություններով՝ հորն ու որդուն ծեծի ենթարկողը «Սանիթեք» ընկերության տնօրենի վարորդն է, որը նաև տնօրենի թարգմանիչն է («Սանիթեք» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը՝ Նիկոլաս Թավիլը, լիբանանցի է. Ս.Հ):
Նշենք, որ փաստի առթիվ ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ), և կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: 59-ամյա քաղաքացին և նրա որդին ճանաչվել են տուժող։
Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են ականատես անձինք։ Քննությամբ հստակեցվում են վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Մեկ անձի նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: