ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ օգոստոսի 18-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, համահայկական խորհրդի ձևավորման վերաբերյալ առկա հիմնական մոտեցումների և այդ մարմնի կազմավորման մեխանիզմների վերաբերյալ զեկուցել է Սահմանադրական դատարանի նախագահ, կազմակերպչական հանձնախմբի աշխատանքների համակարգման պատասխանատուներից Գագիկ Հարությունյանը: Հիշյալ մոտեցումներն ու մեխանիզմները, քննարկման առարկա կդառնան սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի նիստերից մեկում:
Հաշվի առնելով համահայկական նոր կառույցի վերաբերյալ նախորդ տարիների քննարկումները՝ Հանրապետության Նախագահը հանձնարարել է նախապատրաստել Համահայկական խորհրդի ձևավորման նպատակների, անդամության չափանիշերի, 2018թ. կայանալիք առաջին նիստի օրակարգի և աշխատակարգի նախագծերը՝ շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ համապատասխան քննարկումների արդյունքում: