ՀՀԿ Գործադիր մարմինն այսօր երկարատեւ դադարից հետո նիստ է գումարել և քննարկել ներկուսակցական և ներքաղաքական հարցեր. կուսակցական աշխատանքի ռեստարտ է տրվել: Այս մասին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Լավ իմաստով մեզ սպասում է աշխատանքային լուրջ աշուն խորհրդարանում: Սկսել ենք քննարկել ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածուների հարցը, մինչև սեպտեմբերի վերջ ՀՀԿ-ն կկենտրոնանա և կներկայացնի իր թեկնածուներին»,- շարունակեց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը, պատասխանելով հարցին, թե ՀՀ-Իրան էներգետիկ համագործակցությունն ի՞նչ հեռանկարներ ունի, ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրանական ԶԼՄ-ին տված հարցազրույցում արդեն իսկ պատասխանել է հարցին:
«Նախագահ Սարգսյանն ասել է ՀՀ–Իրան էներգետիկ համագործակցության խորացման առումով մեր կողմի տեսակետը: Նա ասել է, որ փորձագիտական առումով խնդիրը քննարկման փուլում է, պետք է քննարկվի և հստակություն լինի բոլոր շահագրգիռ կողմերի միջև: Բայց մի բան հստակ է, որ մենք պատրաստ ենք առարկայական խորացնել Իրանի հետ մեր էներգետիկ հարաբերություններն, իսկ հավելյալ ինֆորմացիա այս մասին կտան համապատասխան մարմինները»,- նշեց Շարմազանովը: