«Լեգեոն» փեյնթբոլի ակումբը ս.թ. սեպտեմբերի 22-24-ը Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական և Միջնավան քաղաքների միջև ընկած տարածքում Հայաստանում առաջին անգամ կազմակերպելու է Արցախյան ազատամարտի 1993թ. պատերազմական գործողությունները։ «Կամավորագրված» մասնակիցները, երևանում կզինվորագրվեն ինչպես ազատամարտիկները:
Համապատասխան հանդերձավորում կստանան, կհրահանգավորվեն և կմեկնեն Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու։ Արցախում արդեն, մասնակիցները կհամալրեն տարբեր «համապատասխան» ջոկատների կազմերը։
Պայքարի մեջ մտնելով պայմանական թշնամու դեմ՝ «կամավորականները» կփորձեն ուժի և ճիշտ մարտավարության շնորհիվ ազատագրեն հայկական տարածքները։ Խաղը հնարավորություն կտա մասնակիցներին ապրել Արցախյան շարժման մասնակիցների առօրյայով՝ դաշտային սնունդով, վրաններով, հետախուզությամբ, ցերեկային ու գիշերային մարտերով, նահանջով ու հարձակմամբ, զգալով ազատամարտի հաղթական ոգին։
Նմանատիպ խաղերը հայտնի են ողջ աշխարհում. դրանք կազմակերպվում են տարբեր ռազմական խաղերի տեսքով: Այս ձևաչափը նպաստում է հասարակության շրջանում պատմության դերի ընկալմանն ու գնահատմանը, ինչպես նաև ռազմահայրենասիրական ոգու տարածմանը։