«Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար ներդրողներն արդեն կառավարության հետ փաստաթղթեր են ստորագրել, որից հետո պետք է սկսվեր աուդիտ: Ճշտելու համար, թե ինչ վիճակում է գործընթացը, «Առաջին լրատվական»-ը զրուցեց Կառավարության շենքի մոտ հավաքված նաիրիտցիների հետ:
«Իմ ինֆորմացիայի համաձայն՝ փաստաթղթեր չեն ստորագրվել, ուղղակի գործարարներին ընդունել է վարչապետի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, որից հետո նրանցից ոմանք գործարանի ընդհանուր իրավիճակն են նայել, և ներկա պահին նրանց և կառավարության միջև հուշագիր պետք է ստորագրվի»,- «Առաջին լրատվական»-ին ասաց նաիրիտցիներից մեկը՝ հավելելով, որ հուշագիրը նամակի ձևով գործարարները ներկայացրել են կառավարությանը, սակայն մինչ օրս նրանց կողմից պատասխան չկա:
Նրա խոսքով՝ գործարարները պահանջում են 6 ամիս ժամկետ՝ տեխնիկական աուդիտ անցկացնելու համար. «Կարող է նրանք աուդիտ անեն և գան այն եզրակացության, որ «Նաիրիտը» չեն վերցնում»:
Ինչպես հայտնեց մեր զրուցակիցը՝ այժմ կոլեկտիվի խնդրանքն այն է, որ կառավարությունը ստորագրի հուշագիրը, այսինքն՝ թույլ տա անցկացնել տեխնիկական աուդիտ:
«Ես ինքս գիտեմ, որ «Նաիրիտը» վերագործարկել հնարավոր է, սարքերն ու սարքավորումները տեղում են, այլ հարց է դրանց տեխնիկական վիճակը»,- ասաց նա՝ հավելելով, թե դրա համար ցանկացած ներդրող պահանջելու է ժամանակ և ֆինանս. «Իսկ եթե մարդիկ եվրոպաներից եկել-հասել են Հայաստան, ուրեմն որոշակի ինֆորմացիա ունեն՝ հենց էնպես, բախտի-բրախտի չեն եկել հասել Երևան»:
Մանրամասները՝ տեսանյութում: