Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ ընթանում է Թերեզա Մ.-ի գործի դատական քննությունը:
Թերեզան որպես դայակ աշխատել ու ներկայումս էլ աշխատում է «Ձորակ» հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում:
Նա մեղադրվում է անզգուշությամբ կատարած հանցավոր արարքի համար. ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 19-ի սահմաններում Թերեզան «Ձորակի» սան՝ 19-ամյա Սոնա Հ.-ին տարել է լոգասենյակ՝ լողացնելու: Թերեզան, առաջադրված մեղադրանքի համաձայն, դրսևորել է անփութություն՝ չի ստուգել ջրի ջերմաստիճանը, ջրի ցնցուղը պահել է Սոնայի վրա, ինչի հետևանքով ցնցուղից եռման ջուր է հոսել ու այրվածքներ է պատճառել Սոնային՝ նրա առողջությանը ծանր վնաս հասցնելով:
Թերեզա Մ.-ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 120 հոդվածի 1-ին մասով: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:
Դատարան էին ներկայացել «Ձորակ» կենտրոնի երկու բուժքույրներն ու մեկ էլեկտրիկը:
Բուժքույր Գոհարը նշեց, որ ինքը բուժքույր է աշխատում ինչպես «Ձորակում», այնպես էլ այրվածքաբանական կենտրոնում:
Դեպքի օրը, ժամը 19-ի սահմաններում ինքը կենտրոնի սաներին հոգեմետ դեղեր էր բաժանում, երբ դայակ Թերեզան շատ այլայլված ասել է, որ «դեպք է պատահել»՝ լողացնելու ժամանակ «երեխան»՝ տուժողը չափահաս է, ճիշտ է, բայց կենտրոնի աշխատողները նրան «երեխա» էին անվանում, «երեխան» եռման ջրից վառվել է…
Բուժքույրերը անմիջապես գնացել ու տեսել են, որ Սոնան անկողնում պառկած է: Տեղեկացրել են տնօրենությանն ու շտապօգնություն են ահազանգել: Բուժքույրերը Սոնային շտապօգնության մեքենայով տեղափոխել են այրվածքաբանական հիվանդանոց:
Բուժքույր Գոհարը հաջորդ օրը այնտեղ էր հերթապահում, նա այդ ժամանակից սկսած՝ անձամբ է խնամել Սոնային մինչև ապաքինումը: Սոնան այրվածքաբանական կենտրոնում պառկել է մոտ մեկ ամիս: «Սոնային քայլելով տարել ենք «Ձորակ»՝ նա ապաքինվել է…»,- ասաց վկան:
Բուժքույր Գոհարը նշեց, որ դայակ Թերեզան դեպքից անմիջապես հետո իրեն ասել է, թե Սոնային տարել է լողացնելու, ջուրը «հովան է արել», հետո ցնցուղը պահել է լոգարանում նստած Սոնայի վրա: Հանկարծ պահի տակ ցնցուղից եռման ջուր է եկել, Սոնան ճչացել է՝ այդ ամենը մի քանի վայրկյան է տևել: Դայակը Սոնային հանել է լոգարանից ու տարել-պառկեցրել է:
Բուժքույրն ասաց, որ հոգեկան խնդիրներ ունեցող Սոնան դժվարությամբ է քայլում, նա լոգասենյակ է գնում միայն դայակի ուղեկցությամբ, դայակի օգնությամբ է մտնում լոգարանի մեջ, նստում ու լողանում է միայն դայակի օգնությամբ՝ մենակ չի կարող: Նա կանգնած լողանալ նույնպես չի կարող:
Բուժքույրը նկարագրեց, որ Սոնան այրվածքներ էր ստացել աջ ոտնաթաթի և կոնք-ազդրային շրջաններում: Առավել խոր այրվածքները ոտնաթաթի շրջանում էին: Ապաքինումից հետո այրվածքի հետքը երևում է, բայց՝ ոչ որպես սպի:
Բուժքույրը նշեց, որ դայակը չի կարողացել կանխել տուժողի՝ այրվածքներ ստանալը, որովհետև ամեն բան ակնթարթորեն է կատարվել՝ շատ անսպասելի: Նման դեպքերում առաջին օգնությունը այրված մակերեսը սառը ջրի տակ պահելն ու տուժածին հիվանդանոց տեղափոխելն է, ինչն իրենք արել են՝ Սոնային տեղափոխել են այրվածքաբանական կենտրոն:
Նախաքննական ցուցմունքում երկու բուժքույրն էլ նշել էին, թե դայակ Թերեզան ասել է, որ երեխան այրվածքներ է ստացել իր անփութության ու անուշադրության պատճառով:
Երկու բուժքույրը, ինչպես նաև «Ձորակի» էլեկտրիկ Արթուր Ղ.-ն ասացին, որ նախկինում ոչ մի դեպք չի եղել, որ խնամքի կենտրոնի սաներին լողացնելիս ջրի ջերմաստիճանի այդքան կտրուկ տատանում լինի ու սաներից որևէ մեկը այրվածքներ ստանա:
Էլեկտրիկը նշեց, որ չգիտի՝ «Ձորակ» կենտրոնում ո՞վ է պատասխանատու լոգարանում հոսող տաք ջրի ջերմաստիճանի կարգավորման համար, բայց ջուրը տաքանում է արևի էներգիայով ու հոսանքով, կարգավորվում է «համակարգչով», իսկ մեխանիկական կարգավորումը կատարվում է լոգասենյակում՝ լողացողի կամ լողացնողի կողմից:
Էլեկտրիկի վարկածով՝ քանի որ ջուրը խողովակներով «հեռվից ա գալիս՝ 35-40 մետրից», հնարավոր է, որ դայակը սկզբում ստուգի ջուրը, բայց հետո այն միանգամից տաքացած հոսի ցնցուղից, չնայած նախկինում նման բան չի եղել… Ըստ էլեկտրիկի՝ դայակը չի պատկերացրել, որ ջուրն այդ աստիճանի տաք կարող է հոսել, իսկ ջուրը մինչև 80 աստիճան կարող է տաքանալ… Էլեկտրիկը նույնպես այն կարծիքին էր, որ դայակը անփութություն է ցուցաբերել, ինչի արդյունքում անմիջապես չի ֆիքսել, որ եռման ջուր է հոսում ցնցուղից…
Ամբաստանյալ Թերեզան վկաների հարցաքննության ժամանակ հենց դայակի դեմքով էլ նստած էր՝ նա ակնհայտ ցավ էր ապրում ՝ կատարվածը նորից վերապրելով: Մեր զրույցի ժամանակ Թերեզան ասաց, որ չի կարող մոռանալ Սոնայի ճիչը: Իսկ թե ինչպես է ցնցուղից եռման ջուր հոսել՝ ինքը չի հասկացել, ակնթարթորեն է եղել: Ներկայումս «Ձորակում» սաներին լողացնելուց առաջ ջուրը «տաքուհով են անում» հատուկ բաքերի մեջ, հետո լցնում են լողացողի վրա՝ դաս են քաղել կատարված դեպքից հետո…
Թերեզա Մ.-ն, ազատ ամբաստանյալ լինելով, այժմ էլ շարունակում է դայակի դժվարին աշխատանքը կատարել «Ձորակ» հոգեկան խնդիրներ ունեցողների խնամքի կենտրոնում: