«Մենք պետք է խիզախություն ունենանք իրերն անվանել իրենց անուններով. չկան հայ-ռուսական հարաբերություններ, որովհետև այն պաշտոնական օրակարգը, որ լսում ենք ժամանակ առ ժամանակ, այնքան կեղծավոր է, որ մենք արդեն սովորել ենք դրան: Այո, նորից գնացել են, ժպտացել են, և որոշ լուսանկարներ շատ անկեղծ են ստացվել: Սա քաղաքական բռնաբարություն է, որի գագաթնակետը 2013-ի սեպտեմբերի երեքն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների վերանայման անհրաժեշտությանը:
Նրա կարծիքով՝ երրորդ հանրապետության պետականությունը սպանվեց 1999-ի հոկտեմբերի 27-ին, ինչը ԿԳԲ-ի մասն էր. «Հայաստանը պոլիգոն է, որտեղ շատ քաղաքական տեխնոլոգիաներ, ոստիկանական տեխնոլոգիաներ փորձարկվում են նախ Հայաստանում, իսկ հետո Ռուսաստանում, նաև այլ երկրներում: Հիշեք, որ մեզ համար ողբերգական հոկտեմբերի 27-ից երկու ամիս անց, այն մարդիկ, ովքեր կանգնած էին այդ պետական հեղաշրջման հետևում, կատարեցին հեղաշրջում Ռուսաստանում: Սա նույն դավադրության մասն է: Աշխարհը դրան շատ ուշ անդրադարձավ: Հիմա Միացյալ Նահանգներն են զինվել և հասկացել են, թե ինչ է կատարվում, իսկ մենք պետք է հասկանայինք այն ժամանակ»,-ասաց Տիգրան Խզմալյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: