Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի անդամները և համակիրները իրենց մասնակցությունն են բերել օգոստոսի 3-ի գիշերը Սպիտակ տան առջև տեղի ունեցած մոմավառության և ոգեկոչման արարողությանը՝ ի հիշատակ եզդիների ցեղասպանության։
Ոգեկոչումը կազմակերպվել էր «Ազատ եզդիների» և Ամերիկյան եզդի կենտրոնի համատեղ ջանքերով՝ նշելու համար Իրաքի Սինջար շրջանում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության հարձակման երրորդ տարելիցը։
Այդ հարձակման ընթացքում սպանվել են հազարավոր կանայք և երեխաներ, իսկ շատերն էլ առևանգվելով՝ դարձել են սեքսուալ ստրուկներ:
Հիշեցնենք, որ 2016-ին Ներկայացուցիչների պալատը «ցեղասպանություն» էր որակել քրիստոնյաների, եզդիների և ցեղային ու կրոնական այլ փոքրամասնությունների դեմ ԴԱԻՇ-ի գործած ոճիրները։