Արցախի Հանրապետության 26-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման ու համակարգման հանձնաժողովի առաջին նիստը կայացել է հուլիսի 31-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, Աշոտ Ղուլյանը նշել է, որ հանձնաժողովի նպատակն է տոնական տրամադրություն ստեղծել հանրապետության ողջ տարածքում և համեստ ու բարձրաճաշակ միջոցառումներով արտաքին աշխարհին տեսանելի դարձնել այն ճանապարհը, որ անցել է ինքնիշխան Արցախի Հանրապետությունը 1991 թվականից ի վեր:
Սահմանված ժամկետներում Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում արդեն ձևավորվել են տեղական հանձնաժողովներ, որոնք կառավարական հանձնաժողովին են ներկայացրել նախատեսվող միջոցառումների ծրագրերը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվները: Մինչև օգոստոսի 5-ը կքննարկվեն ներկայացված առաջարկները և կձևավորվի տոնական միջոցառումների համալիր ծրագիրը:
Կարծիքների փոխանակությունից հետո Աշոտ Ղուլյանը համապատասխան հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին՝ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները սահմանված ժամկետներում իրականացնելու համար: