Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չկա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ավելացնելով, որ հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Արտգործնախարարներն աշխատում են այդ առաջարկի ուղղությամբ, վերջնական որոշում դեռևս չկա», – ասաց Քոչարյանը:
Խոսելով Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումից Ադրբեջանի հրաժարվելու մասին՝ Շավարշ Քոչարյանը նշեց. «Ո՞վ է ավելի բարձր գոռում՝ «Բռնի՛ր գողին»: Հենց գողը: Եվ միայն «գողին» է շահեկան, որպեսզի որեւէ հետաքննություն չլինի»:
Միաժամանակ, ՀՀ ԱԳ փոխնախարարը հիշեցրեց, որ Պաշտպանության նախարարությունն արձագանքել է ադրբեջանական կողմի՝ հրադադարը խախտելու հայտարարություններին և նշել, որ որևէ հիմք դրանց համար չկա:
Մանրամասները՝ տեսանյութում