Օֆելյա Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշարձանը սիրո մի կաթիլն է, որ հայ ժողովուրդը տածում է երգչուհու հանդեպ: Հուլիսի 26-ին Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում կայացավ հուշարձանի բացման արարողությունը: Ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Իմ խորին համոզմամբ՝ ժողովրդական երգի կատարողական հատվածը որբացավ Օֆելյա Համբարձումյանից հետո: Նրա կատարումները համարվում են ազգային երգարվեստի ողնաշարը: Ես պատիվ եմ ունեցել շատ անգամներ նրան ներակայացնելու աշխարհի տարբեր բեմահարթակներում: Մինչ այժմ ականջներումս հնչում են այն հիացական ծափահարությունները, որոնք ուղղված էին Օֆելյա Համբարձումյանին: Եվ համոզված եմ, որ դեռ շատ երկար են հնչելու»,-ասաց Արմեն Ամիրյանն ու հավելեց, որ երգչուհին ոչ միայն մեծ արտիստ էր, այլ նաև հրաշալի և հոգատար ընկեր: