Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը միասնական ահաբեկչական ցուցակում ավելացրել են 9 մարդու և 9 կազմակերպության՝ Կատարի հետ ենթադրյալ կապերի պատճառով։ Այս մասին հայտնում է սաուդական SPA գործակալությունը։
Ավելի վաղ 4 երկրներն ահաբեկչական ցուցակում ներառել էին 59 մարդու և 12 կազմակերպության՝ ահաբեկչության ֆինանսավորման և Կատարից աջակցություն ստանալու համար։
Ցուցակը համալրել են կազմակերպություններ Լիբիայից և Եմենից, ինչպես նաև մասնավոր անձիք Կատարից, Եմենից ու Քուվեյթից, ովքեր, ըստ արաբական երկրների հաստատման՝ կապեր ունեն Կատարի իշխանությունների հետ։ Արաբական երկրների իշխանությունները մեղադրում են ցուցակում հայտնվածներին «Ջեբհաթ ալ-Նուսրա» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումներին օգնություն ցուցաբերելու մեջ։