Մինչ Հյուսիսային Կորեան շարունակում է ավելացնել միջուկային ներուժն ու դրան զուգահեռ՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում առկա լարվածության աստիճանը, ամերիկյան հարավային Հավայի նահանգը նախապատրաստվում է հնարավոր միջուկային հարձակմանը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նահանգի արտակարգ իրավիճակների գործակալությունը պատրաստվում է բնակչության տարհանման վարժանքների իրականացմանը:
Գործակալության ղեկավար Վերն Միյագին նշել է, որ հանրությունը պետք է տեղեկացված լինի հնարավոր հարձակման սպառնալիքի վերաբերյալ:
Նա նաև մանրամասնել է, որ թեև չեն ցանկանում ավելորդ անհանգստություն պատճառել բնակչությանը, այնուհանդերձ՝ իրենք պատասխան ծրագիր են մշակել իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի համար:
Զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների կարծիքով՝ այս քայլը կարող է աղետալի հետևանք ունենալ նահանգի ֆինանսական գլխավոր աղբյուրի՝ զբոսաշրջության համար: Սակայն Միյագին նշել է, որ հավայցիների համար առաջնային է պատրաստ լինել դեպքերի վատագույն սցենարի զարգացմանը:
«Մենք ստույգ տեղեկություններ չունենք Հյուսիսային Կորեայի կառավարության ծրագրերի մասին, բայց ակնհայտ ապացույցներ կան առ այն, որ այդ երկիրը փորձում է ստեղծել այնպիսի բալիստիկ հրթիռներ, որոնք մի օր կարող են մեր նահանգ հասնել»,- շարունակել է Միյագին: