Հեղինակավոր Time ամսագրի հուլիսի 31-ին թողարկվելիք նոր համարի շապիկին պատկերված կլինի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը: Այս մասին հայտնում է RIA Novisti-ն:
ՌԴ ղեկավարի դեմքը կարելի է նշմարել բազմաթիվ անդեմ մոխրագույն պատկերների մեջ, որոնք խորհրդանշում են համացանցի օգտատերերի էջերը: Շապիկին գրված է նաև ամսագրի գլխավոր հոդվածի վերնագիրը՝ «Ընտրություններին առնչվող Պուտինի ծրագիրը տապալելու գաղտնի ծրագիրը»:
Հոդվածի հեղինակը պնդում է, որ Վաշինգտոնը նախապես պատրաստվել էր հնարավոր կիբերհարձակման: Նրա տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստել էր ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը հաքերային հարձակման դեպքում արտակարգ գործողությունների ծրագիր:
Համաձայն ամսագրի խմբագրության տրամադրության տակ հայտնված 15-էջանոց փաստաթղթի՝ ընտրությունների օրը նախատեսվում էր ստեղծել հատուկ շտաբ և «ռազմավարական տեղեկատվության և գործողությունների կենտրոն», որոնք պետք է հեշտացնեին խախտումների մասին հաղորդագրությունների հավաքելը:
Նշվում է, որ «նշանակալի միջադեպի» հետևանքով Սպիտակ տունն առաջարկում էր ընտրատեղամասեր ուղարկել դաշնային իրավապահ մարմինների զինված աշխատակիցների, մոբիլիզացնել զինվորական ստորաբաժանումները և գործադրել քարոզչության դեմ պայքարի ծրագիր: