Երեկվա օրը շրջադարձային կարելի է համարել Եվրամիության և Թուրքիայի հարաբերություններում՝ այն իմաստով, որ միության առաջատար երկիր Գերմանիան բաց տեքստով, առանց դիվանագիտական տողատակերի ազդարարեց երկու երկրների գործընկերային համագործակցության ավարտի մասին: Ընդ որում, թուրքական հարցում գերմանական քաղաքական համակարգում լիակատար կոնսենսուս է՝ կարևոր հանգամանք, որ երեկվա ասուլիսում նշել է արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:
Գերմանիան վերանայում է Անկարայի հետ իր տնտեսական և ռազմական համագործակցությունը, ըստ էության՝ հայտարարում է վարկային և ներդրումային ծրագրերի, տուրիզմի ոլորտում համագործակցության դադարեցման մասին:
Գերմանա-թուրքական երկամյա ճգնաժամը իր գագաթնակետին հասավ երեքշաբթի, երբ Թուրքիայում կալանավորվեցին վեց իրավապաշտպաններ, որոնց թվում՝ Գերմանիայի մեկ քաղաքացի:
Կար ժամանակ, որ Հայաստանի եվրոպական հեռանկարը դիտարկվում էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում, որովհետև Անկարան հետևողականորեն ձգտում էր Եվրամիության անդամությանը: Այսօր հայ-թուրքական հնարավոր երկխոսությունը ոչ միայն դուրս է մղվել պրակտիկ քաղաքականության օրակարգից, այլ նաև կորցրել է իր բովանդակային բաղկացուցիչը, որովհետև Թուրքիան այլևս ասոցացվում է ոչ թե եվրոպական ձգտումների, այլ տոտալիտարիզմի հետ:
Այսօր գուցե Եվրոպայի անհրաժեշտությունն ավելի ընդգծված է Հայաստանի համար՝ որպես համակարգ, որը մեր երկիրը կպաշտպանի իզգոյացման և տոտալիտարիզմի հիմքով դաշնակիցներ դարձած Ռուսաստանի և Թուրքիայի հնարավոր համատեղ դավերից:
Ի դեպ, խիստ խորհրդանշական է, որ գերմանա-թուրքական հարաբերությունների ճգնաժամի հիմքերը դրվեցին ավելի քան երկու տարի առաջ, երբ Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: