Ռամ Նաթ Քովինդը, որին առաջադրել էր կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտին» (ԲՋՊ, Հնդկաստանի ժողովրդական կուսակցություն), ընտրվել է Հնդկաստանի նախագահ: Այս մասին հաղորդել է ընտրական հանձնաժողովը: NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Քովինդը հավաքել է քվեարկողների ձայների ավելի քան 65 տոկոսը:
Քովինդը դարձել է 1950 թվականից ի վեր երկրի 14-րդ նախագահը, երբ Հնդկաստանում սահմանվել է նախագահի պաշտոնը: Բացի դրանից, Քովինդը դարձել է դալիթներից սերած երկրորդ նախագահը. Հնդկաստանում այսպես են կոչում անձեռնմխելիների ստորին կաստաների անդամներին: Երկրի գործող նախագահ Փրանաբ Մուքերջիի լիազորությունները լրանում են հուլիսի 24-ին, պետության ընտրյալ ղեկավարը պաշտոնը կստանձնի հաջորդ օրը: