ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փակել Սիրիայի չափավոր ընդդիմության զինման և ռազմական նախապատրաստման ԿՀՎ-ի ծրագիրը։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ այդ ծրագիրը գործել է 2013 թվականից և ստեղծվել է նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա ճնշում գործադրելու համար։ 2015 թվականին, երբ Ռուսաստանն իր ուժերն ուղարկեց Սիրիա, ծրագրի արդյունավետությունը հայտնվեց կասկածի տակ։
Աղբյուրների խոսքով՝ Թրամփն օգնության դադարեցման մասին որոշումն ընդունել է ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյի և ազգային անվտանգության հարցերով իր օգնական Հերբերտ Մաքմաստերի հետ հանդիպումից հետո, որը կայացել է Պուտինի հետ ԱՄՆ նախագահի առաջին հանդիպման նախաշեմին։
Պարբերականը նշում է, որ այդ որոշմամբ Թրամփը ցանկացել է նպաստել Մոսկվայի հետ Սիրիայում հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերմանը։