ԱՄՆ կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնը, ելույթ ունենալով խոսքի ազատությանն ուղղված միջոցառման ժամանակ, կոչ է արել ԱՄՆ պետդեպարտամենտին ու արդարադատության նախարարությանը, պահանջել Էրդողանի թիկնապահների արտահանձնումը:
«Ես այստեղ եմ ձեր կողքին կանգնելու համար, քանի որ մայիսին կատարվածի ժամանակ իր ցնցող պահվածքով թուրքական կառավարությունը փորձել է խախտել իմ և ձեր իրավունքները: Նրանք վայրագություն են դրսևորել խաղաղ ցուցարարների նկատմամբ, նրանց նկատմամբ, ով հավատում են Հայոց ցեղասպանությանը, ովքեր հավատում են խոսքի ազատությանը: Կոչ եմ անում Պետքարտուղարությանն ու արդարադատության նախարարությանը հասնել թուրք նախագահ Էրդողանի թիկնապահների արտահանձնմանը, որոնք դաժան հարձակում են իրականացրել ամերիկյան հողում», – ասել է կոնգրեսականը:
Վաշինգտոնում անցկացվող բողոքի ակցիան կազմակերպել են թուրք թիկնապահների գործողություններից տուժած անձինք:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագայի` Վաշինգտոն կատարած այցի ժամանակ նրա թիկնապահները դաժան ծեծի էին ենթարկել թուրքական դեսպանատան առաջ հավաքված խաղաղ ցուցարարներին, որոնց թվում էին ազգությամբ քուրդ, հայ և ամերիկացի քաղաքացիներ: