Երևանի Սարի թաղ թաղամասի բնակիչների և ոստիկանների միջև անցյալ տարվա բախումները կենցաղային պատճառներով էին հրահրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սարի թաղի կալանավորված բնակիչների փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Փաստաբանի խոսքով՝ Սարի թաղի բնակիչները փողոց են դուրս եկել և բողոքել ոչ թե ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների, այլ բողոք արտահայտել՝ կապված գազի, ջրի և էլեկտրականության անջատման հետ։ Սարի թաղի տրանսպորտը նույնպես չի աշխատել։
Բախումների հետևանքով Սարի թաղի 10 բնակիչ է կալանավորվել: Այս մարդկանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասով։ Նրանք մեղադրվում են իրավակարգի ապահովման պետական մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, որը սպառնացել է նրանց կյանքին և առողջությանը։
«Դատավարություններն ընթանում են լարված մթնոլորտում, ընդհատումներով, այդ թվում այն պատճառով, որ դատավորն արձակուրդ է գնում»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ կալանավորված մարդիկ ստիպված են նման դրության մեջ մնալ անորոշ ժամանակով, ինչը հարուցում է նրանց դժգոհությունը. բոլորի մոտ առկա են առողջական խնդիրներ։