ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը կարճ զրույց են ունեցել ընթրիքի ավարտին, որը կազմակերպվել էր Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակում, սակայն այն չի կարելի անվանել լիարժեք հանդիպում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
«Այսպես կոչված երկրորդ հանդիպում նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև չի եղել, եղել է կարճ զրույց ընթրիքի ավարտին»,-ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։ Նա «կեղծ, ստոր և անհեթեթ» է անվանել նախագահների երկրորդ հանդիպման փաստը թաքցնելու փորձի մեղադրանքները։
«Դա ոչ միայն միանգամայն նորմալ է, դա նախագահի պարտականությունների մաս է՝ փոխգործակցել պետությունների ղեկավարների հետ»,-հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Ավելի վաղ երկրորդ հանդիպման մասին տեղեկություններ էին տարածել ԶԼՄ-ները՝ առանց հանդիպումից մանրամասներ ներկայացնելու։