ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ այսօր՝ հուլիսի 15-ին, հաստատվել է Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման հայեցակարգը:
Ավելի վաղ՝ հունիսի 27-ին, հայեցակարգը քննարկվել էր Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստում:
Նշվել էր, որ Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման և պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը:
Հայեցակարգը ձևակերպում է ոլորտում իրականացվող գործունեության նպատակները, պետական կարգավորման սկզբունքները և խնդիրները, ինչպես նաև բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործման և արդիականացման ուղղությունները: Փաստաթղթի հիմնական նպատակն է բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձևավորումը և զարգացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ ու բարեկեցիկ շրջակա միջավայրի, կենսաբանական բազմազանության ու բնական պաշարներով ապահովման ճանապարհով:
Հայեցակարգի քննարկման արդյունքում ՀՀ նախագահը հանձնարարել էր ԱԱԽ քարտուղարությանը՝ ելնելով ԱԱԽ նիստում հնչեցված առաջարկություններից՝ մեկշաբաթյա ժամկետում լրամշակել հայեցակարգի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնել հաստատման: