Եգիպտական Հուրգադա առողջարանային քաղաքի Sunny Days El Palacio Resort-ի լողափում տեղի ունեցած հարձակումից հետո անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հրահանգվել է ուժեղացնել անվտանգությունը քաղաքի մուտքերի մոտ, հատկապես մանրակրկիտ ստուգումների են ենթարկվում փաստաթղթերը և ներս են թողնում միայն այնտեղ ապրող կամ աշխատող անձանց կամ զբոսաշրջային խմբերին:
Նշվում է, որ ոստիկանությունը հրահանգ է ստացել ստուգել բոլոր բնակիչներին, հատկապես նրանց, ովքեր չեն աշխատում, բայց բնակվում են Հուրգադայում:
Գործակալության աղբյուրի հաղորդմամբ` դանակով հարձակման հետևանքով զոհված 2 կանայք Գերմանիայի քաղաքացիներ են:
Հյուրանոցի տնօրինության հաղորդմամբ` տուժածների շրջանում Չեխիայի քաղաքացի կա: Նրա խոսքով` երկու զբոսաշրջիկները սպանվել են հարևան Zahabia Hotel հյուրանոցում: «Հարձակվողը փախչելիս անցել է մեր հյուրանոցով և վիրավորել մարդկանց: Հյուրանոցի անվտանգության աշխատակիցներն անմիջապես բռնել են նրան և հանձնել ոստիկանությանը»,- ասել է հյուրանոցի ղեկավարը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ տուժածների թվում կա ՀՀ 2 քաղաքացի, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում: