Հայ-ռուսական միացյալ զորախումբը խաղաղ ժամանակ կենթարկվի Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբին, իսկ պատերազմական իրավիճակում կարող է ենթարկվել ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Միացյալ խմբավորման հրամանատարը խաղաղ ժամանակ ենթարկվում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին, իսկ անմիջական ագրեսիայի կամ պատերազմի ժամանակ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին կամ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին: Այս որոշումը կկայացվի երկու երկների գերագույն գլխավոր հրամանատարների կողմից` համատեղ», – ասել է Ն. Պանկովը` Պետդումայում:
Համաձայնագրով սահմանվում է նաև, որ խմբավորման ղեկավարման համար ստեղծվում է համատեղ հրամանատարություն, հրամանատարը նշանակվում և ազատվում է պաշտոնից ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից` համաձայնեցնելով ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի հետ:
«Միացյալ զորախմբի կիրառումը պլանավորվում է երկու երկրների Զինված ուժերի գլխավոր շտաբների համատեղ հրահանգով, դրա ծավալման ու կիրառման որոշումը կայացվում է ՀՀ և ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարների կողմից` համատեղ», – ավելացրել է Ն. Պանկովը:
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ համատեղ զորախմբի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2016թ.-ի նոյեմբերի 30-ին, Մոսկվայում: