ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ որոշում կայացրեց։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով։
Ըստ նախագծի`Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 75651/11 գանգատ) 2017 թվականի մայիսի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ պահուստային ֆոնդից «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով արդարադատության նախարարությանը կհատկացվի 3,600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի օգոստոսի 18-ն է: