Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Եվրոպայում ճանաչում ունեցող Բելառուսի չեմպիոն Բորիսովի «ԲԱՏԷ»-ի հետ: Մրցակիցը կարգով ավելի բարձր է, սակայն շնորհիվ մարզչական օրինակելի մարտավարության՝ պատասխան հանդիպումից առաջ մեր չեմպիոնը իրական հնարավորություն ունի հաջորդ փուլ դուրս գալու:
Արդեն իսկ «Ալաշկերտի» մեկնարկային կազմին ծանոթանալուց նկատվում էր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի տակտիկական փոփոխությունը, որը տվեց իր պտուղները: Հիմնական կազմում չէր Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում անդորրական «Սանտա Կոլոմայի» հետ դիմակայությունում երկու անգամ աչքի ընկած սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը: Վերջինս ֆունկցիոնալ առումով լավ վիճակում է, սակայն ընդունենք, որ նա տեխնիկապես հագեցած ֆուտբոլ չի ցուցադրում: Ավելի ստույգ՝ նրան կարելի է համարել «ԲԱՏԷ»-ի ոճի ֆուտբոլիստ: Բելառուսական թիմը խաղից առաջ Նենադովիչին համարելով թիմի առաջատար՝ ուշադրությունը կենտրոնացրել էր նրա վրա: Կարծում ենք՝ պարզ է, որ խաղադաշտում ևս Նենադովիչը առանձնակի ուշադրության էր արժանանալու մրցակցի պաշտպանների կողմից:
Խաշմանյանը «ԲԱՏԷ»-ի դեմ օգտագործեց մեր գլխավոր զենքը՝ տեխնիկական պատրաստվածությունը: Անհատական վարպետությամբ մեր ֆուտբոլիստները, կարելի է ասել, կոտրեցին մրցակցի մարտավարական ծրագիրը: Խաղալով երկրորդ համարով՝ առաջին կեսում «Ալաշկերտը» մրցակցին թույլ էր տալիս մոտենալ տուգանային հրապարակին, ինչի հետևանքով առջևում առաջանում էին բաց տարածություններ: Արդեն առաջին կեսում «Ալաշկերտը» մի քանի սուր հակագրոհներ կազմակերպեց:
«ԲԱՏԷ»-ն շատ էր գրոհում, ինչը բնական է՝ կարգով ավելի բարձր թիմը խաղում էր սեփական հարկի տակ: Այդուհանդերձ, այս մրցավեճում գնդակին տիրելու հարաբերակցությունը եղել է 50/50: Սա խոսում է այն մասին, որ ավելի շատ գրոհելով՝ «ԲԱՏԷ»-ն չի ունեցել տարածքային առավելություն: Ավելին՝ այս խաղում հանդիպման ալբանացի մրցավարը միակ դեղին քարտը ցույց է տվել «ԲԱՏԷ»-ի կիսապաշտպան Իվանիչին: Սա նշանակում է, որ հայկական թիմը, ցուցադրելով մաքուր խաղ, միևնույն ժամանակ գործել է հանգիստ, առանց ջղաձգումների:
Բելառուսական մամուլը, քննադատելով «ԲԱՏԷ»-ին, այդուամենայնիվ հիշատակում է այն փաստը, որ «Ալաշկերտը» դրական արդյունքի հասավ մրցակցի դարպասին գեթ մեկ հարված չկատարելով: Ժամանակակից ֆուտբոլում լինում են նաև այդպիսի դեպքեր: Վստահաբար կարող ենք ասել, որ հանդիպման հաշիվն արտացոլում է հանդիպման պատկերը:
Տակտիկական առումով երկրորդ կեսում «Ալաշկերտը» գերազանցեց «ԲԱՏԷ»-ին և ուներ դարպասը գրավելու իրական հնարավորություններ: Արտակ Եդիգարյանի հարվածից հետո էլ գնդակը դիպավ դարպասաձողին: Խաշմանյանի կողմից խաղը գրագետ էր կառուցված՝ հատկապես դաշտի կենտրոնում, և սա այն դեպքում, երբ վնասվածքի պատճառով հանդիպումը բաց թողեց կենտրոնական կիապաշտպան՝ Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Արտակ Գրիգորյանը: Մերոնք գնդակ չին պահում, մեկ հպումով փոխացումներով դուրս գալիս սեփական կիսադաշտից, օգտագործում եզրերը: Մի փոքր վերապահումով կարելի է ասել, որ իր բարձրության վրա էր նաև պաշտպանական օղակը: Գոհացուցիչ էր մերոնց ֆիզիկական պատրաստականությունը:
Նշենք, որ Բելառուսի առաջնությունն այժմ ընթացքի մեջ է, և «ԲԱՏԷ»-ն խաղային բոլոր առումներով լավ վիճակում է: Հայաստանի առաջնությունը արդեն մեկ ամիս է՝ ավարտված է, և «Ալաշկերտը» նման վիճակում է գտնվում ուսումնամարզական հավաքների միջոցով:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտը» անցկացրել է 3 հանդիպում: Այդ երեք հանդիպումներում Խաշմանյանը տակտիկական առումով դիպուկ և գրագետ է գործել: Ակնհայտ է նաև, որ նախորդ հանդիպման համեմատ Հայաստանի չեմպիոնը զգալի բարելավել է խաղի որակը: Առջևում պատասխան հանդիպումն է, որ կարող է պատմական նշանակություն ունենալ հայկական ֆուտբոլի համար: Պատմության ընթացքում հայկական թիմերից ոչ մեկին չի հաջողվել եվրագավաթների խաղարկություններում դուրս գալ որակավորման երրորդ փուլ:
Հուսանք, որ հուլիսի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» ֆուտբոլային տոն կպարգևի ֆուտբոլասերին:
Հ.Գ. Նախապես հայտարարվել էր, որ «ԲԱՏԷ»-«Ալաշկերտ» հանդիպումը պետք է ցուցադրվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հանդիպումը չցուցադրվեց: Հազարավոր ֆուտբոլասերներ անհամբեր սպասում էին, սակայն Հանրայինը հարկ չհամարեց նույնիսկ վազող տողով մարդկանց տեղեկացնել, որ հանդիպումը չի ցուցադրվելու: Ցավալի է, բայց խաբելն ու քցելը մեր երկրում վաղուց արդեն սովորական երևույթ են դարձել: