Եվրոպան կարող է Ղարաբաղում ականատես դառնալ նոր պատերազմի, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային տերությունների բախման: Այս մասին գրում է նորվեգական Aftenposten թերթի թղթակից Պեր Անդերս Յուհանսենը:
«Այդ հակամարտությունն արդեն 100 տարեկան է: Կողմերից մեկին աջակցում է Ռուսաստանը, մյուսին՝ Թուրքիան: Եթե պատերազմ բռնկվի, այն կարող է ավելի վտանգավոր դառնալ, քան կարելի է ենթադրել»,- նշում է լրագրողը՝ խոսելով արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման մասին:
Ըստ Յուհանսենի՝ ներկայիս լարվածությունը կբերի Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնման նոր փուլի և Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմա-տեխնիկական համագործակցության խորացման:
Aftenposten-ը նշում է, որ ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակը սրում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության մրցավազքը, ներքաղաքական խնդիրները և ընդհանուր տնտեսական մթնոլորտը տարածաշրջանում, ինչպես նաև ռևանշի ծարավը, որն աճում է երկու երկրների հասարակություններում: