Վաղը «Բորիսով-արենա» մարզադաշտում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «ԲԱՏԷ»-«Ալաշկերտ» հանդիպումը: Չնայած բուքմեյքերական ընկերությունները բացահայտ ֆավորիտ են համարում Բելառուսի չեմպիոնին, այդուամենայնիվ, «ԲԱՏԷ»-ի գլխավոր մարզիչն ու ֆուտբոլիստները վստահ են, որ ծանր պայքար է սպասվում:
«Հայկական թիմի ֆուտբոլիստները լավ են աշխատում գնդակով: Նրանք շատ խորամանկ են, տեխնիկապես լավ պատրաստված և արագ: Նշեմ նաև, որ հայերը բավական արագ են պաշտպանությունից անցնում գրոհի: Ամեն դեպքում դժվար է հստակ գնահատական տալ «Ալաշկերտին»: Հայաստանի առաջնության հանդիպումները, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Սանտա-Կոլոմայի» հետ դիմակայությունը քիչ են մեր մրցակցի որակների մասին հստակ պատկերացնում ունենալու համար»,- «Պրեսբոլ» պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է «ԲԱՏԷ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը:
Վերջինս վստահ է, որ «Ալաշկերտին» փոքր-ինչ թերագնահատելու դեպքում իր թիմը կարող է դուրս մնալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: «Հավատացեք, այսօր Եվրոպայում թույլ թիմեր չկան: Պարզագույն օրինակ՝ Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը Եվրոպա լիգայի խաղարկությունում պայքարից դուրս թողեց «Գլազգո Ռենջերսի» պես հզոր թիմին: Մրցակցին թեկուզ մի փոքր թերագնահատելու դեպքում շատ հնարավոր է ձախողվենք»,- հավելել է Երմակովիչը:
Առաջիկա հանդիպումը վնասվածքի պատճառով հնարավոր է բաց թողնի «ԲԱՏԷ»-ի առաջատարներից կիսապաշտպան Ալեքսանդր Վոլոդկոն: Վերջինս անդրադառնալով առաջիկա հանդիպմանը՝ հայտարարել է, որ հայերը շատ վտանգավոր են, և չի բացառել, որ Երևանում կայանալիք պատասխան խաղում դառնան հանգամանքների գերին:
«Բորիսվում պետք է համոզիչ հաշվով հաղթանակ տանենք, քանզի պատասխան խաղում կարող ենք ձախողվել: Դուք տեսե՞լ եք՝ Երևանում 40 աստիճան շոգ է: Հնարավոր է՝ շոգ եղանակից լուծ ընկնենք, չկարողանանք խաղալ և դառնանք հանգամանքների գերին: Հայերը շատ վտանգավոր են, պետք է զգույշ լինել: Վնասվածքս լուրջ չէ: Այս պահին պարզ չէ՝ կկարողանա՞մ մասնակցել առաջիկա հանդիպմանը, թե՞ ոչ: Հույս ունեմ, որ, այդուամենայնիվ, կլինեմ դաշտում և կօգնեմ իմ թիմին»,- նշել է Վոլոդկոն:
Վնասվածքի պատճառով «Ալաշկերտի» հետ հանդիպումը հնարավոր է բաց թողնի նաև մեկ այլ առաջատար՝ հարձակողական ոճի կիսապաշտպան Միխայիլ Գորդեյչուկը: Ի դեպ, Գորդեյչուկը «ԲԱՏԷ»-ի միակ ֆուտբոլիստն է, ով այս երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշենկոյի կողմից մայիսին հրավեր էր ստացել մասնակցելու Բուլղարիայի և Նոր Զելանդիայի հավաքականների հետ հանդիպմանը:
Բոլորովին վերջերս «ԲԱՏԷ»-ն պայմանագիր է կնքել Բելառուսի ազգային հավաքականի մեկ այլ կիսապաշտպան Ստանիսլավ Դրագունի հետ, ով հանդես էր գալիս Օրենբուրգի համանուն թիմում: Ներկայում Բելառուսի չեմպիոնի կորիզը կազմում են տեղացի ֆուտբոլիստները: Թիմը համալրված է 7 լեգեոներներով: Նրանցից կարելի է առանձնացնել սերբ կիսապաշտպան Դանիել Իվանիչին, նրա հայրենակից Նեմանյա Միլունովիչին, ինչպես նաև ֆինն հարձակվող Յասե Տուոմինենին: «ԲԱՏԷ»-ի երկրպագուները թիմի առաջատար են համարում կիսապաշտպան Իգոր Ստասևիչին, ով կրում է նաև ավագի թևկապը:
Բելառուսի ընթացիկ առաջնությունում «ԲԱՏԷ»-ն 15-րդ տուրից հետո 33 միավորով երկրորդ հորիզոնականում է և երեք միավորով զիջում է առաջատար Սոլիգորսկի «Շախտյորին»: Նշենք, որ Բելառուսի բարձրագույն լիգայում խաղում են 16 թիմեր:
Հայաստանի չեմպիոնը Մինսկ է մեկնել երեկ և անցկացրել առաջին մարզումը: Առաջիկա հանդիպումը բաց կթողնի «Ալաշկերտի» առաջատարներից Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը, ով «Սանտա Կոլոմայի» հետ պատասխան հանդիպման ժամանակ քթի կոտրվածք էր ստացել:
Բուքմեյքերները «ԲԱՏԷ»-ի հաղթանակը գնահատել են 1.15, ոչ-ոքին՝ 6.6, իսկ Հայաստանի չեմպիոնի հաղթանակը՝ 12 գործակցով:
«ԲԱՏԷ»-«Ալաշկերտ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:30-ին: