Երբ լսում ես ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի այսօրվա խոսքերը, թե գտել են այն մարդկանց, ովքեր որոշել են երկրում փոփոխություն իրականացնել` ակամայից մտածում ես, որ «Ժառանգության» XI համագումարում անգամ վերլուծելու նյութ չկա:
Դահլիճի սակավամարդությունը, նոր դեմքերի բացակայությունն ավելի անհամարժեք են դարձնում հնչող ելույթները, դրանցում առկա շեշտադրումները: Խնդիրը նույնիսկ Սեյրան Օհանյանի «գտած» մարդիկ չեն, այն թիմը չէ, որը ձախողեց ապրիլի 2-ի ընտրությունները: Ցանկացած թիմ կարող է ռեաբիլիտացվել, եթե ունի ասելիք, հասրակությանն առաջարկելու բան, ռացիոնալ օրակարգ:
Դրանք ՕՐՕ-ն չուներ խորհրդարանական քարոզարշավի ժամանակ և չունի այսօր` դատելով «Ժառանգություն» կուսակցության համագումարից: Երբ չունես ռացիոնալ օրակարգ, ձախողումն անխուսափելի է` առանձին կամ դաշինքային ձևաչափերով, միայնակ, թե խմբակային: Եթե Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Օսկանյանը նոր ասելիք ունենային, անշուշտ, չէին մնա կադրային նույն և ավելի նոսրացած «հումքի» հույսին, որի վրա էլ կառուցում են նոր միավորման, խոշորացման իմիտացիան:
Հարցը «Ելքի» կամ «Ծառուկյան» դաշինքների որակին չի վերաբերում, ոչ էլ` նրանց ունեցած-չունեցած օրակարգերին, բայց հանուն ինչի՞ այս ուժերը պետք է միավորվեն «Ժառանգության» կամ ՕՐՕ-ի շուրջ: Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է քաղաքական ձախորդության կամ իր լեզվով ասած «լուզերության» խորհրդանիշ, քաղաքականության անտիֆենոմեն, ում հաջողվեց չորս տարվա ընթացքում այնպես մսխել կես միլիոնանոց էլեկտորատը, որ այսօր չի կարողանում անգամ 200-300 հոգանոց համագումար անցկացնել:
Վարդան Օսկանյանը խորհրդանշում է մի իշխանություն, որն ամենառեպրեսիվն էր Երրորդ հանրապետության մեջ` Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի ոճրագործ էջերով: Սեյրան Օհանյանի ութնամյա պաշտոնավարման դրսևորումը դարձավ մեր բանակի անպատրաստությունը Քառօրյա պատերազմին, երբ իրավիճակը փրկվեց բացառապես սահմանին կանգնած զինվորների անձնազոհության շնորհիվ:
Այսօրվա համագումարում կոնդոլիդացնող ի՞նչ գաղափար լսեց հասարակությունը: Սեյրան Օհանյանը զբաղված էր բառախաղով` իշխանությունների «Ազգ-բանակին» հակադրելով միայն իրեն հայտնի «Ազգ-պետություն» մոդելը (աշխարհում դրա մասին խոսում էին 19-րդ դարի վերջին), Արմեն Մարտիրոսյանը` «Սասնա ծռերի» ու Սամվել Բաբայանի PR-ով:
Ի՞նչ սահմանադրական հեղափոխհւթյան մասին է խոսում Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ իր կողքին կանգնած են Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը, ովքեր 2008թ-ի մարտի 1-ին եղել են սահմանադրական հեղաշրջման մասնակիցներ, պաշտոնյաներ, որոնց կոմֆորտն ապահովվել է Հայաստանի տասը անմեղ մարդու գնդակահարության գնով: Րաֆֆի Հովհանիսյանն այսօր առաջնահերթ համարեց «իշխանության բռնազավթման թեմայի արդիականացումը»` կողքին ունենալով իշխանության բռնազավթման երկու կենդանի «լեգենդի»:
Քաղաքական անմեղսունակության և անհամարժեքության դասական դրսևորում, հանրությանը ծաղրելու շարքային ցուցադրություն` պատմական որակված համագումարում: Նույնիսկ պարտությունը կարելի է գեղեցիկ ընդունել, քաղաքականությանը հրաժեշտ տալ գեղեցիկ նոտայով: Սա Րաֆֆու «Կարապի երգն» էր` առանց ազդարարման: