Հույն ցանցահենների Anonymous Greece խումբը հայտարարել է, որ թուրքական ավելի քան 300 կայքեր է կոտրել՝ ի պատասխան Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կայքի վրա կիբերհարձակման: Այս մասին հայտնի է դառնում Anonymous Greece-ի ֆեյսբուքյան էջից:
Կիբերպատերազմի պատճառ է դարձել Ստամուլի Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցանության դեմ Հունաստանի բողոքը: Թուրք ցանցահենները կոտրել էին Հունաստանի վարչապետի կայքը, ի պատասխան հույները խոստացել էին թուրքական հարյուրավոր կայքեր կոտրել:
Սկզբում նրանք կոտրել են թուրքական երկու հեռուստաալիքների կայքերը և Թայիփ Էրդողանի համալսարանի էջը, հետո տասնյակ այլ կայքեր, և խոստացել են անձնական տվյալների արտահոսք «խոշոր ինտերնետ-էջերից»:
«Մենք հաղթահարել ենք 300 էջ, որոնք կոտրել ենք ի նշան հաշվեհարդարի: Շարունակում ենք դինամիկ կերպով»,- ասվում է Anonymous Greece-ի հայտարարության մեջ:
Հույն ցանցահենները նաև սպառնում են խափանել թուրքական բանկերի և բորսաների աշխատանքը:
«Այսօր երեկոյան 5-ին մենք կսկսենք հարձակումը Թուրքիայի բանկերի և բորսաների վրա»,- հայտարարել են նրանք: