Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթթահ ալ Սիսին շաբաթ օրը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ սահմանազատման մասին համաձայնագիրը, որը նախատեսում է Կարմիր ծովում երկու կղզիների փոխանցում Էր-Ռիյադին: Այս մասին հայտնում է Եգիպտոսի պաշտոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության հայտարարությունը:
Եգիպտոսի խորհրդարանը հունիսի 14-ին հաստատել էր Սաուդյան Արաբիայի հետ ջրային սահմանների մասին համաձայնագիրը, ըստ որի՝ թագավորությանն են անցնում Կարմիր ծովի Տիրան և Սանաֆիր կղզիները:
Ավելի վաղ եգիպտական կառավարությունից հայտնել էին, որ կղզիները Եգիպտոսի իշխանության տակ են անցել միայն 1950 թվականին, և որ դրանք Սաուդյան թագավորությանը փոխանցելով Եգիպտոսը տնտեսական շահույթ կունենա: